Խփած գոլերի քանակով՝ 187, ՈՒեյն Ռունին շաբաթ օրը դարձավ պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների թիվ երկու ֆուտբոլիստը, Նեյմարը չորս գոլ հեղինակեց «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում ու կապտանռնագույնների համար այս հազարամյակում նման բան արած չորրորդ անձը դարձավ, սակայն միայն սրանցով չէր հետաքրքիր եվրոպական ֆուտբոլային գրանդ տերությունների գրանդ առաջնությունների հերթական տուրը, որը գոնե հայ ֆուտբոլասերի համար փրկարար օղակ է դարձել հայկական ֆուտբոլի ծանրորեն տխուր առօրյայից, այդ տխրությունը պայմանավորած գորշ դեմքերի մասին դառը խորհրդածություններից փրկելու գործում, դեմքեր, որոնք (այո, այո, որոնք, ու ոչ թե ովքեր) «Եվրոպա-2016»-ի խմբայինում ազգայինի խայտառակ մրցելույթների ֆոնի վրա (ներքին առաջնության մասին խոսելն իսկ ավելորդ է) ժամանակավորապես մարաղ են մտել, թեպետ նրանց խոսափողերն արդեն իսկ լծվել են նրանց նորից ասպարեզ հանելու իրենց ծախու գործին: Ի՞նչ կարող ես անել. ստրուկի հոգեբանություն է տիրոջ կրունկը լիզելը, մինչև որ այդ տերերը մի օր, այն էլ ոչ խորվաթ տեղում (ումի՞ց ինչ ունեն վախենալու կամ քաշվելու) իրենց գլուխն էլ մի օր կփշրեն: Զուտ կայֆի համար:
ԻՍՊԱՆԻԱ
Այս մրցաշրջանի լա լիգան առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր նոր տուր առաջատար եռյակում նոր փոփոխություններ է բերում: Մի երկու-երեք տուր «Վիլյառեալը» վայելեց առաջատար լինելու բերկրանքը, հիմա էլ «Սելտան» է ոնց որ թե ուզում խառնել խաղաքարտերը: Համենայն դեպս հենց նրան հաջողվեց «Վիլյառեալին» «գծերից» գցել (արտագնայում հաղթել է 2:1 հաշվով) ու 18 միավորով տեղափոխվել երկրորդ հորիզոնական՝ լրացուցիչ գործակիցների հաշվին սեպի պես խրվելով նույնքան միավոր ունեցող Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև: Ինչ վերաբերում է վերջին երկուսին, մրցակիցներին հաղթել են երեք գնդակի համոզիչ տարբերությամբ, ու այդ տարբերության տարբերությունն այն է, որ եթե արքայականը «Լևանտեին» «մշակել» է չորուկ հաշվով, ապա կատալոնացիները «Ռայո Վալեկանոյին» թույլ են տվել երկու անգամ գրավել Բրավոյի պաշտպանած դարպասը: Ընդ որում` Նեյմարն այդ խաղում դարձել է պոկերի հեղինակ, ինչը հանրագումարում նրան հնարավորություն է տվել ութ գոլով գլխավորելու ռմբարկուների ցուցակը: Ավելացնենք, որ հաղթական հանդիպում է ունեցել նաև «Աթլետիկոն»: Սիմեոնեի սաները հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության են մատնել «Ռեալ Սոսիեդադին» ու թակում են առաջատար եռյակի դռները:
ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնում մանչեստրյան երկու թիմերը շարունակում են չզիջման քաղաքականությունն ու դառը հաշիվներ տեսնում մրցակիցների հետ: «Բորնմուտի» հետ խաղում «Սիթին» չզլացավ հինգ գոլ հեղինակել (5:1), իսկ «Յունայթեդը» չափից ավելի դառը կորիզ եղավ տանտերերի՝ «Էվերտոնի» համար՝ 3:0: Նրանք համապատասխանաբար ունեն 21 և 19 միավոր: 19 միավոր ունի նաև «ՈՒոտֆորդին» 3։0 հաշվով պարտության մատնած «Արսենալը», որը խցկված «բնակվում» է մանչեստրյան երկու թիմերի արանքում: Պրեմիեր լիգայից հիշատակենք նաև նոր գլխավոր մարզիչ ձեռք բերած «Լիվերպուլին»: Յուրգեն Կլոպի նոր թիմը, ճիշտ է, հաղթական մեկնարկ չունեցավ, սակայն «Տոտենհեմից» միավոր պոկելը (0:0) եկեք պակաս պատվաբեր չհամարենք, մանավանդ եթե նկատի ունենանք, որ լիվերպուլցիների համար դա արտագնա խաղ էր: «Լիվերպուլի» կողքին չմոռանանք նաև «Չելսիին», որի համար առաջին տասնյակում հայտնվելը դեռևս երազանք է մնում: Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության են մատնել «Աստոն Վիլային»:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Վերդերի» նկատմամբ ավելի քան համեստ հաշվով «Բավարիայի» հաղթանակը (1։0) թեև ծանր սրտխառնոց է առաջացրել խաղադրույքի սիրահարների մեջ, բայց բավարացիները հավատարիմ են մնում իրենց բռնած ուղեգծին ու շարունակում են անպարտ հանդիպումների շարքը: Իններորդ տուրում հաղթական հանդիպում ունեցավ նաև Դորտմունդի «Բորուսիան»՝ 2։0, իսկ «Մայնցին» պատժածների մեջ էր և մեր Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին տարիների հայկական անփառունակ ֆուտբոլի միակ լուսավոր կետն է ու մխիթարանքը: «Հերտայի» նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասած «Շալկեն» 19 միավորով երրորդ հորիզոնականում է և ընդամենը մեկ միավորով է հետ մնում դորտմունդցիներից:
ԻՏԱԼԻԱ
«Ֆիորենտինան» թեև շարունակում է մնալ ապենինյան առաջնության անփոփոխ առաջատար (հերթականում պարտվել է «Նապոլիին»՝ 1:2), սակայն արդեն առավելության նախկին պաշարը չունի «Ռոմայի» ու «Ինտերի» նկատմամբ, որոնք 17-ական միավորով արդեն մեկ միավորի հեռավորության վրա են մանուշակագույններից: «Գայլերը» ութերորդ տուրում տանը երեք միավոր են կորզել «Էմպոլիից» (3:1), իսկ «Ինտեր»-«Յուվենտուս» դիմակայությունն ունեցել է գոլազուրկ ավարտ:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնությունում շարունակում է ահ ու սարսափ մնալ «Պարի Սեն Ժերմենը»: Նրա հերթական զոհը «Բաստիան» էր՝ 2։0: Այստեղ դուբլով առանձնացել է Զլատան Իբրահիմովիչը: Շարունակում է հաճելիորեն զարմացնել «Անժը» (արտագնայում 2:1 հաշվով առավելության է հասել «Թուլուզի» նկատմամբ), որին ոնց որ թե շատ է դուր եկել երկրորդ հորիզոնականը: «Անժի» պես 21 միավոր ունի նաև «Կաննը», որը տասներորդ տուրում ևս երեք միավոր գումարեց ունեցածին: Նրան երեք միավոր «պարգևած» թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտված «Ռեյմսն» էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ